«Ժողովուրդ». Զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում են 2023թ. արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն):
Դե, իհարկե, բնական է, որ ՊՆ-ն ավտոմեքենա է գնում իր կարիքների համար, բայց բանակն այս պայմաններում պահելու, անփութության հետեւանքով 15 զոհ տալու ֆոնին նման պահվածքն առնվազն անազնիվ է:
Ստացվում է, որ, մի կողմից, առաջնագծի զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, մյուս կողմից՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է երթեւեկեն 2023 թվականի արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով: Ինչ խոսք, հայրենիքը պաշտպանելու յուրովի մոտեցում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում