Ծառուկյանի որդին Ծաղկաձորի ճոպանուղուց «լարել» է եգիպտացորեն վաճառող աղքատ տղային, որպեսզի ինքը բամբակի ապարատ տեղադրի, 50-100 դրամով վիզը հաստացնի

Դեռևս 2019 թվականին Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանը բողոքում էր, թե Ծաղկաձորի ճոպանուղու ոչ ճիշտ կառավարման հետևանքով տուրիստները դժգոհ են հեռանում մեր երկրից: Բացի այդ, նա համոզմունք էր հայտնել, որ համայնքը պետք է «փայ» ունենա ճոպանուղու շահագործումից, իսկ ՀԱՕԿ-ի ենթակայությամբ՝ համայնքը ոչինչ չի ստանում: Հաշվի առնելով վերոնշյալը, դեռևս 2019-ին Պետրոսյանն ասուլիս էր հրավիրել ու հայտնել, որ պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
Ըստ Պետրոսյանի՝ ՀԱՕԿ-ը ոչ մի լումա գույքահարկ չէր վճարել համայնքի բյուջե և միայն իր կողմից հարցն օրակարգ բերելուց 1-2 ամիս անց, ՀԱՕԿ-ը հապճեպորեն բյուջե է մուտքագրել մոտ 9 միլիոն դրամ գույքահարկ, որից 3 միլիոնը մայր գումարն է հաշվարկված եղել՝ 2012-2018 թվականների համար, ևս 5 ու քանի միլիոն դրամ էլ տույժ-տուգանքներն են կազմել:
Պետրոսյանը պատմել էր ՀԱՕԿ-ի և ճոպանուղու հետ կապված նախապատմությունը, որ ճոպանուղին 2004 թվականին է կառավարության որոշմամբ Սպորտի պետական կոմիտեից վերցվել և անվարձահատույց հանձնվել ՀԱՕԿ-ին: Ճոպանուղին աշխատեցնելու համար էլ Օլիմպիական կոմիտեն դուստր ձեռնարկություն է հիմնել, որի 50% բաժնեմասը պատկանում է հենց ՀԱՕԿ-ին, 50%-ը՝ ինչ-որ օֆշորային գոտում գրանցված ընկերության, որը սակայն, հետագայում փոխանցվել է ինչ-որ ֆիզիկական անձի:
Գլխավոր դատախազությունն իր հերթին 2019 թվականի ապրիլի 29-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել: Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով:
Փաստն այսօր, սակայն, այն է, որ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկը ոչ միայն կառավարություն չի հասել կամ կառավարության կողմից մերժվել է, այլև հենց ՀԱՕԿ-ը, կամ որ նույնն է՝ Ծառուկյան ընտանիքն է շարունակում շահույթ ստանալ ճոպանուղու շահագործումից:
Ավելին՝ ՊՎԾ պետ դարձած Ռոմանոս Պետրոսյանն այժմ երևի մոռացել է իր ներկայացրած առաջարկությունը, կամ միգուցե հենց Ծառուկյա՞նն է նրա հիշողությունից «ջնջել տվել» այն՝ դե, ասենք, ինչ-ինչ բաների դիմաց: Եթե այդքան ազնիվ էր Պետրոսյանն իր մղումներում, ապա ինչո՞ւ այսօր, ասենք, ստուգումներ չի իրականացնում ճոպանուղում:
Բացի այս ամենը, ARM24.net-ի տեղեկություններով՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը, կառուցում է հյուրանոցային համալիր: Սրան դեռ կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում՝ ստուգելով նաև, թե արդյոք այդ շինարարությունն օրինակա՞ն է և համապատասխանո՞ւմ է շինարարական նորմերին:
Զավեշտալին ու միաժամանակ ողբերգական այնն է, որ նշված գումարները, դեռ չենք խոսում Ծառուկյան ընտանիքի հարյուրավոր բիզնեսների մասին, փաստորեն, բավարար չեն, Ծառուկյանների ստամոքսը չեն կշտացնում և վզները չեն հաստացնում: Ցինիզմը հասել է այնտեղ, որ, կրկին ARM24.net-ի տեղեկություններով, Ծառուկյանի որդին ճոպանուղու տարածքում եգիպտացորեն վաճառող տղային հեռացրել է՝ «լարել» այնտեղից, փոխարենը 2 քաղցր բամբակ սարքող ապարատ է տեղադրել, որ յուրաքանչյուրից 50-100 դրամ աշխատի ու ծերը ծերին «ընտանիք պահի»:
Փոքրիկ տղան եղել է սոցիալապես անապահով ընտանիքից և փոխանակ իրեն կեղծ բարեգործ հռչակած, իրականում հարկերից խուսափող Ծառուկյանը կամ իր որդին մի բանով էլ օգտակար լինեին իրենց մարզի բնակչին, Ծաղկաձորի ճոպանուղին, Կոտայքի մարզն առհասարակ, բառի բուն իմաստով, համարում են իրենց հոր դուքյանը ու անում ամենավերջին ստորությունը: