Ինչո՞ւ չբացահայտվեց Ձկնկուլի սպանության գործը․ Լֆիկ Սամոն ու իր կինը արտոնյալներ են

Գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի կինը՝ Շողերինան, ով իրեն մատուցում է որպես «բլոգեր», հյուրընկալել է ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյային...
Շողերինան Ինստագրամի իր էջում տեղադրել է տեսնյութեր, թե ինչպես է իր հյուրի հետ գնումներ կատարում իր ամուսնուն պատկանող «Երևան Սիթի» ցանցի խանութներում ու ինչպես են քյուֆթա սարքում՝ ուրախ-զվարթ տրամադրությամբ...
Посмотреть эту публикацию в Instagram
Սոցիալական ցանցերում ճաշ եփելու ու տեսարաններ սարքելու սիրահար Շողերինայի հերթական տեսանյութը գուցե անտեսվեր-գնար, եթե այս ամենը տեղի չունենար Հայաստանում տիրող իրավիճակի տխուր ֆոնին...
Իհարկե, Լֆիկ-Շողերինա զույգը թքած ունի երկրի վրա, ու այդ երկիրն այս զույգին հետաքրքրում է այնքանով, որքանով այն փող է բերում իրենց ընտանիքին ու հարստացնում...
Լֆիկի համար կանաչ լույս է վառել Փաշինյան Նիկոլը, ով դեռ 2016 թվականին, որպես շարքային ընդդիմադիր պատգամավոր, աշխարհի բոլոր մեղսագործություններն էր վերագրում Լֆիկ Սամոյին, իսկ այսօր արդեն «ներում» է նրա չվճարած հարկերը, արտոնություններ տալիս ու ապահովագրում...
Գուցե Փաշինյանի նման, շատերի հիշողությունը կարճ է ու չեն հիշում, բայց կան անհերքելի փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես էր Նիկոլն ընկել Լֆիկի հետևից:
Օրինակ՝ դեռ 2016 թվականին, խոսել էր Լֆիկ Սամոյի «սև գործերի» նախկին մենեջերներից մեկի՝ Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանի հետ ու
պահանջում էր զրկել Լֆիկ Սամոյին անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցել ու ձերբակալել...
Իսկ երբ Մոսկվայում Ձկնկուլը սպանվեց՝ Փաշինյանն ուղիղ կապ գտավ Լֆիկ Սամոյի ու սպանության մեջ՝ մեղադրելով վերջինիս այդ գործում...
Այն մարդը, ով ժամանակին Լֆիկի բոլոր անօրինականությունների մասնակիցն էր, տարբեր տեսակի զանցանքների կատարածուն, իսկ այդ աշխատանքի դիմաց Լֆիկը նրան բիզնեսներ էր «փայ հանում», սպանությունից մի քանի ամիս առաջ ինքը հայտնվեց իր շեֆի թիրախում։ Ձկնկուլը նույնիսկ տեսախցիկի առջև պատմել է լրատվամիջոցներից մեկին, թե ինչպես է Լֆիկը նրանից խլել իր բիզնեսները, որոնք ժամանակին իրենք հավանաբար խլել էին մեկ ուրիշից։
Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Լֆիկի նախկին թիմակցի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել, սակայն նրա սպանությունից ընդամենն օրեր առաջ այն կարճվել էր։ Հաշվի առնելով Լֆիկի և իր նախկին թիմակցի միջև այս բավականին աղմկահարույց կոնֆլիկտը՝ Ձկնկուլի սպանության գործով Լֆիկը առնվազն պետք է կանչվեր հարցաքննության։
Բայց այդ սպանության պատասխանատուներն այդպես էլ չբացահայտվեցին ո՛չ նախկին իշխանության ժամանակ, ոչ էլ ներկայիս՝ Փաշինյանի իշխանության օրոք, ով ժամանակին անմիջական մեղադրողն էր...
Այսօր արդեն այդ նույն գործարարը դարձել է Նիկոլի «մոլի երկրպագուն»...
Խնդիրը նաև այն է, որ Նիկոլը նույն Սամվել Ալեքսանյանին ժամանակին իր թերթի էջերից մեղադրում էր Ձկնկուլի սպանության մեջ, իսկ այսօր մեղադրող հոդվածների մի մասը չի պահպանվում:
Օրինակ, 2016թ-ին նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութն այսօր արդեն անհասանելի է.
Այլ կերպ ասած՝ դեռ երեկ նա Լֆիկին մեղադրում էր մարդասպանության մեջ, հայտարարում էր, որ մեղավորը Սամվել Ալեքսանյանն է և ՀՔԾ-ն պետք է զբաղվի այս գործով, իսկ այսօր, ընտանիքով, գնում է նրա քեֆ-ուրախություններին, ախպերություն անում ու հարկային արտոնություններ տալիս...
Օրերս էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը որոշում է ստորագրել ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից 70 միլիոն դրամ հատկացնել, որպեսզի Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գնումներ կատարեն մեկ մարդուց՝ իշխանության հետ սերտ կապեր հաստատած Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցից․․․
Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա «հեղափոխությունից» այսքան տարի անց այս սպանության կարճված քրեական գործը չի վերաբացվում։ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներից մեկում, անդրադառնալով Ձկնկուլի չբացահայտված սպանությանը, անգամ նշել է, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում լինում են հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում․․․ և այսքանով հարցը համարել փակված։