Իշխանությունները Չոռնի Գագոյին ուզում են իրենցով անել, Չոռնին էլ դեմ չէ նրանց տրվելուն

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ:
Ըստ հաղորդագրության՝ Գագիկ Բեգլարյանը, նույն ինքը՝ Չոռնի Գագոն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր: Հսկող դատախազը 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացնելու համար:
Դատախազությունը հաղորդագրության շարունակության մեջ սուր է կախել նաև Բեգլարյանի «կրուգի» վրա, թե՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Ասել է թե՝ իշխանության փոխվելուց 4,5 տարի անց միայն պարզեցին, որ նա տասնյակ անշարժ գույք է հափշտակել: Չգիտենք՝ ծիծաղելի՞ է, թե՞ լացելու:
Պարզ է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իշխանությունները Բեգլարյանին «իրենցով են ուզում անել», Չոռնին էլ, կարծես թե, դեմ չէ նրանց տրվելու:
Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ նախկին սև Գագիկը համագործակցում է գորշ Ավինյան Տիգրանի հետ, նույնիսկ՝ նրա անունից: Գագիկն այն մարդկանցից է, որոնք փչացնում, կեղտոտում էին Սերժ Սարգսյանի անունը, որոնց հավաքական կերպարին հիմա ասում են «թալանչի նախկիններ» ու այդպիսով արդարացնում նույնիսկ այս դավաճանական իշխանություններին:
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, իշխանափոխությունից հետո Բեգլարյան Գագիկը, որին հաճախ Երևանում տեսնում են «ախրաննիկների» հետ, 6 միլիոն դոլար է վճարել տիկին Էրատոյին՝ որպես իր «փրկագին»:
Մի խոսքով՝ նախկիններն ու ներկաներն իրարից ոչնչով չեն տարբերվում. դավաճանները թալանչի են դարձել, թալանչիները՝ դավաճան: