Նրանք իրենց հագով կարում են անձակենտրոն Ընտրական օրենսգիրք. Գորգիսյանը՝ «Իմ քայլի» մասին

Իշխանություններին ձեռնտու է արտահերթ ընտրությունների գնալ վարկանիշային կարգով, եթե նրանք ունեն քաղաքական գործիչներ, ովքեր չեն ամաչում ժողովրդի երեսին նայելուց, մարզեր գնալուց, շփվելուց քաղաքացիների հետ: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Իրենք ուզում են վարչապետը քարոզարշավ անի, իրենք ունենան վարչապետի կցորդ պատգամավորներ, ովքեր հլու-հնազանդ անելու են այն ամենը, ինչ հրամայի վարչապետը: Նրանք համարում են, որ վարչապետն այսօր ունի ամենաբարձր ռեյտինգը և նա իր անձով կարող է շատ ավելի ձայն տանել: Եվ նրանք չունեն այն երկրորդ, երրորդ, չորրորդ համարները՝ որպես թիմ, ովքեր ավելացված արժեք են ստեղծում այդ թիմում և կարող են նպաստել այդ թիմի ռեյտինգին, ձայն հավաքելուն: Եվ հետևաբար նրանք իրենց հագով կարում են անձակենտրոն Ընտրական օրենսգիրք»,- ասաց Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ այս քարոզարշավում մենք ունենալու ենք նախագահական, անձակենտրոն քարոզարշավ: