Բոլոր ժամանակների կեղծ ընդդիմություն Ծառուկյանը պայքարում է հանուն «պատվավոր 2-րդ հորիզոնականի»

Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից, թերևս դպրոցական երեխան կարող է փաստել։ Այն, որ ամեն անգամ նրան ներքաշել են քաղաքականության մեջ օրվա իշխանությունները և օգտագործել նրա կարողությունները, առավել ևս ակնհայտ է։
Իսկ կարողություններ Ծառուկյանն ունի՝ կապիտալ, մարդկային ռեսուրս, փող, կապեր արտերկրում․․․ սրանք այն անհրաժեշտ «ատրիբուտներն են», որոնք կարող են, հարկ եղած դեպքում, յուրատեսակ հենարան դառնալ ցանկացած իշխանության համար․․․
Իսկ թե ինչու նա ինքն իր համար չի օգտագործում այդ ամենը՝ պարզից էլ պարզ է․ Ծառուկյանն ունի նաև Աքիլեսյան գարշապար կամ նույնիսկ կարելի ասել՝ գարշապարներ․․․ Ամեն անգամ, երբ նա փորձում է «բզբզալ»՝ օրվա իշխանությունը սանձահարում է նրան՝ խփում ցավոտ հատվածին, «բամփում գլխին» ու «հանգիստ նստեցնում տեղը»՝ ցույց տալով նրան «պատվավոր» երկրորդ հորիզոնականը․․․
Բոլորին հայտնի է դարձել տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության հետ կապված Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը․․․ մեղադրանքի դատավճիռը 1991թ-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց, նրան արդարացրեց ու որոշում կայացրեց դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը․․․
Այս հարցն ամեն իշխանության ժամանակ դաշտ է նետվել, շրջանառվել ու նորից, «անհայտ պատճառներով», մարել․․․
Հիշեցնենք՝ նախորդ տարի սոցիալական ցանցերում հրապարակվեց 41 տարվա վաղեմության քրեական գործից մանրամասներ, ըստ որի նա 1979թ-ի մեղադրական դատավճռով մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:
Քրեական գործի նյութերը, նախորդ տարվա հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում։
Բայց սա միակ կոմպրոմատը չէ, որ ներկայացվում է Ծառուկյանի դեմ՝ իշխանությունների կողմից. նրա սանձերն ամեն անգամ կարողացել են քաշել։ Չնայած դրան, նա իրեն դաս չդարձրեց ու չսովորեց, որ ամեն անգամ խոստումներ տալուց և ժողովրդին հուսադրելուց առաջ, պետք է խորը մտածել (երևի զուր չեն նրան «Դոդի Գագո» կոչումը տվել)․․
Այդպես նա ժամանակին դուրս գալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, հայտարարեց, թե՝ «եթե հետ կանգնեմ՝ ինձ խփեք գլխից»․․․
Ու անմիջապես Հանրապետականը նրա գլխին «կրակահերթ» ուղղեց՝ ԲՀԿ ղեկավարից վերածելով շարքային քաղաքացի «Դոդի Գագո»-ի․․․ դա 2015 թվականի փետրվարի 12-ին էր։
Սերժ Սարգսյանը մի ամբողջ մեղադրանքների շարան ուղղեց Ծառուկյանին՝ ակնարկելով, թե ինչերից կարող է զրկել նրան, եթե «բզբզա»։
«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին․․․»։
Այդ ժամանակ էր, որ Ծառուկյանի խնամի վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ «բամփել» իր խնամուն` Ծառուկյանին։ Այդ լուրերն այդպես էլ մնացին «օդում կախված», և ոչինչ չձեռնարկվեց։ Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ (ի դեպ, «օդում կախված» արտահայտությունը մնացել է Սերժ Սարգսյանի այդ օրվա ելույթից)․․․
Այդպես էլ պարզ չդարձավ հանրությանը, թե Ծառուկյանն ինչ հանցագործություններ է պրոֆեսիոնալ կերպով թաքցրել, բայց ակնհայտ է, որ դրանք նրան խանգարում են տեր կանգնել իր տված խոստումներին։
Ծառուկյանի գործելաոճը չի փոխվել։ Նա խոստացավ մնալ իր դիրքորոշմանը և պահանջել վարչապետ Փաշինյանի ու ամբողջ կառավարության հրաժարականը։ Այս անգան էլ հայտարարելով, թե՝ «ով հետ կանգնի իր խոստումից՝ անբարոյականի տղա է»․․․
Հենց հաջորդ առավոտյան Փաշինյանը «մատ թափ տվեց»՝ հիշեցնելով Ծառուկյանին իր անցյալը․․
Բայց հետաքրքիր «պատահականությամբ» ոչ միայն դարձյալ ծածկադմբոց եղան նրա անօրինականությունները, այլև Փաշինյանը հանդիպեց Ծառուկյանին՝ գործարքի գնալով նրա հետ, որից հետո Ծառուկյանը ոչ միայն հետ կանգնեց վարչապետի հրաժարականի պահանջից, այլև համաձայն է ընդառաջ գնալ նրան՝ գնալ արտահերթ ընտրությունների առանց վարչապետի թեկնածու առաջադրելու և հավանաբար պահպանելով իր «պատվավոր» երկրորդ հորիզոնականը․․․
Թե ինչ ընթացք կստանան ընտրությունները և ով կլինի երկրի ղեկավարը, կամ ուր կտանի Հայաստանին այդ ղեկավարը, ըստ էութան Ծառուկյանի համար կարևոր չէ։ Նա կշարունակի ղեկավարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն ստացած ԲՀԿ-ն, մնալ որպես երկրորդ ուժ ու պարել օրվա իշխանության դուդուկի տակ․․․
Այլ կերպ ասած՝ Ծառուկյանն ավելի քան 20 տարի գրպանային ընդդիմություն է, ով բոլոր ժամանակներում օգնում է օրվա իշխանության վերարտադրմանը։
Մնում է հասկանալ, թե իր սկզբունքներից հետ կանգնած, երկրի անվտանգությունը ստորադասած, հերոսների թափած արյունը պաշտոնի հետ փոխած ու հայրենասիրությունը կենաց դարձրած մեկը «անբարոյականի տղա՞» է, թե՞ պարզապես «գլխից խփելու» մատերիալ․․․